Գրառում է Մարիամ Դանղյանի մայրիկը՝ Լիլիթ Զաքարյանը
2019-2020 ուսումնական տարին առանձնահատուկ էր մեր ընտանիքի համար այն պարզ պատճառով, որ մեր աղջիկը՝ Մարիամը, պետք է առաջին քայլերը կատարեր դպրոցում։ Դպրոց, ուսուցիչներ, նոր միջավայր․․․․ Ինչպես շատ ծնողների դեպքում, ինձ մոտ էլ փնտրտուք էր, փորձում էի լավագույն տարբերակ գտնել իմ ամաչկոտ աղջկա համար։ Այցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այնքան ոգևորեց ամուսնուս, որ որոշեցինք ընտրել հենց այս կրթօջախը։ Աղջիկս էլ ոգևորված էր։ Տարին սկսվեց և իմ մտավախությունները քիչ-քիչ անհետացան։ Ուսուցիչների ջերմությունը, ինքնատիպ ծրագիրը գրավեցին ոչ միայն աշակերտների, այլ նաև ծնողների սրտերը։ Ազգային ավանդույթներն ու ծեսերն այնքան վարպետորեն էին ներգրավված ուսումնական ծրագրում, որ զարմանք և ակնածանք էին առաջացնում։ Մեր մասնակցությունն ունեցանք «Լավաշթխիկ»-ի, «Դդմատոն»-ի, «Թթուդրիկ»-ի և այլ ազգային ծեսերին։ Ցավոք, 2020 թվականը անակնկալ էր պատրաստել։ Թագավարակը փոխեց բոլորի ծրագիրը։ Ինչպես բոլորը մենք էլ սկսեցինք սովորել տանից։ Այստեղ ևս չեմ զլանա և կընդգծեմ, որ կրթահամալիրը տարբերվեց։ Մինչ կրթության նախարարությունը փնտրտուքների մեջ էր, մենք սկսեցինք ուսումնական գործընթացը շարունակել տանից։ Խնդիրներ եղան, անշուշտ, դժվար է 6-7 տարեկան երեխային նստել համակարգչի առաջ՝ մտածելով, որ սիրելի դասարանում է, ընկերների կողքին։ Դժվար է ամեն օր արթնանալ և փորձել երեխային բացատրել, որ այսօր կրկին տանն է լինելու։ Ամեն դեպքում փորձում ենք մեր օրն այնպես կազմակերպել, որ հետաքրքիր լինի։ Այս առումով ուսումնական ծրագիրը շատ է օգնում՝ հետաքրքիր նախագիծներ, վառ տեսանյութեր, հեքիաթներ և բանավոր մաթեմատիկա, օտար լեզուներ, տեխնոլոգիական աշխատանքներ։ Փորձել ենք հնարավորինս ակտիվ մասնակակցություն ունենալ, ստորև նախագծերը՝
«Իմ գրադարանը»՝ Մարիամ Դանղյան և մայրիկ՝ Լիլիթ Զաքարյան
Ռոդարիական հնարքներ՝ Շփոթված մայրիկը
Ընտանեկան ռոդարիական ընթերցանություն
Զատիկ՝ Սուրբ Հարության տոն ուսումնական նախագիծ՝
Խոհարարական հմտություն, պատրաստել ենք համեղ և առողջարար աղցաններ։
Եվ որպես ուսումնական պրոցեսի ամփոփում «Ես կարողանում եմ» նախագծերի շարքը։ Ուրախալի է տեսնել այդ փայլուն աչուկները ամեն անգամ, երբ կատարում է առաջադրանքը և զարմանում իր կարողությունների վրա։ Այս նախագիծը առանձնահատուկ է ինձ համար այն պարզ պատճառով, որ նոր կյանք մտնող երեխային տալիս է վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Կարողանալ օգտվել համակարգչից, տիրապետել մի քանի ծրագրի, նկարել, կարողանալ վարժ կարդալ, մի՞թե հրաշալի չէ։
Արժևորելով ուսուցիչների պատրաստվածությունը՝ շատ եմ ցանկանում, որ հեռավար ուսուցումը այսքանով ավարտվի։ Ինչքան էլ հետաքրքիր է, բայց երեխաներին դպրոց է պետք։ Ուզում ենք նորից առավոտյան շուտ արթնանալ, շտապել դեպի երթուղի, իսկ երեկոյան՝ կարոտած դիմավորել և ամուր գրկել։ Մնում է հուսալ, զինվել համբերությամբ և լավատեսությամբ, որ նոր ուսումնական տարին կսկսենք մեր սիրելի դպրոցում։