Posted in Ընթերցարան

Ընթերցանության ֆլեշմոբ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 8-ին

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի բակում

Նպատակը՝ Աղայանական և Թումանյանական օրերին իրականացնել միասնական ընթերցանություն։

Ընթերցանության նյութ՝

Թումանյանական ընթերցանություն`

Կանաչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Արագիլ

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Ծաղիկները

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Աղայանական ընթերցանություն

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդց ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

ԼՈւՍՆԱՀԱՉ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Ամփոփում՝

Ընթերցանության ֆլեշմոբ

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն