Posted in Ընթերցարան

Երեք արջի հեքիաթը

Հեղինակ՝ Լև Տոլստոյ

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

1

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։

Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։

Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես բղավում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է… գտել եմ… հրես բռնեցեք… վայ… վայ… բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ովքե՞ր էին հեքիաթի հերոսները:
  2. Արջերի ընտանիքում քանի՞ արջ կար:
  3. Մի անգամ ի՞նչ պատահեց աղջկա հետ …
  4. Երբ աղջիկը ներս մտավ, ի՞նչ տեսավ և ի՞նչ արեց:
  5. Երբ արջերը տուն վերադարձան տուն ի՞նչ տեսան:
  6. Փոքր արջն ի՞նչ ասեց …
  7. Ինչի՞ մասին էր հեքիաթը:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s