Posted in Հեռավար ուսուցում2020-2021ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» հեռավար ուսուցման ծրագիր

Մշակեց՝ Ծ. Գասպարյանը

Մայրենի լեզու

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում
է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել:
Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ
կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի
խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ
արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը,
որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա
գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ,
ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն
ուղղված է՝
· սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
· սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
· սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
· սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
· լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
· բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների
զարգացում.
· բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու
հմտության զարգացում.
· ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
· վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
· լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝
· անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը,
զգացմունքները.
· կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
· զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:
Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`
· ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի
առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է
գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց
սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
· Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք
կիրառմամբ:
Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը
հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով,
ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
· Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային
հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի,
դասարանական կայքէջի միջոցով:
Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում
մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի
զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա
առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել:
Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են
տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել
գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է,
միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն
ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի,
հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված
լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող
հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա
նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում
պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական
նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ)
ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում:
Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր,
մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո
նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի,
ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի
արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի
միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է
արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող
պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն
անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ
ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն
է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով,
բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը,
ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են
դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին
կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին
իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների,
կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ,
բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը.
մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի
ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի
ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության
ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:
Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը
զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի
լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը:
Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց
ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության
զարգացմանը:
Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`
Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Լսել: Երեխան պետք է լսի և հասկանա փոխանցվող տեղեկույթը, քննողաբար վերաբերվի իր և ուրիշների
ենթադրություններին, ակտիվորեն լսի և հարգաքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և
գաղափարներին:
Խոսել: Երեխան պետք է հաղորդակցման տարբեր միջոցներով (ժեստերի լեզու, նկար) մասնակցի երկխոսության, պատմի տեսածի, լսածի, կարդացածի բովանդակությունը, նկարագրի տարաբնույթ երևույթների փոխակապակցվածությունը, արտահայտի, հիմնավորի, պաշտպանի սեփական տեսակետն ու դիրքորոշումը, մեկնաբանի և վերլուծի իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները: Հանդես գա մենախոսությամբ, լսարանին ներկայացնի իր տեսակետը՝ հիմնավորելով փաստերով և տվյալներով:
Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն
հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել
հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն
ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք
փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել
ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական
նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի
հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը:
Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի
սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և
կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով:
Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև
սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական
ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:
Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր,
իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն
շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների,
իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել:
Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր,
օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու
շնորհավորանքներ:
Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝
հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝
գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝
ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների
հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների
ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում:
Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում,
պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը,
ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա
պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով
/պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս
երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը
փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:
Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև
հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ
կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ
անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը:
Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու
համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը
կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք
կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական
երևակայության քերականություն» աշխատությունը:
Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են:
Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր
սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական
բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը,
կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց
անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին
հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում
արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք
հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց
քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու
տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական»,
«Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված
անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:
Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին.
    · Բացատրել, մեկնաբանել ծանոթ բառերի իմաստները.
    · Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը.
    · Բնութագրել, նկարագրել հերոսներին.
    · Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների
    վերաբերյալ.
    · Պատճառաբանել սեփական կարծիքը.
    · Թվարկել պատմության, հեքիաթի դեպքերն ըստ հերթականության.
    · Նոր ավարտ մտածել հեքիաթի, պատմության համար կամ փոխել ավարտը.
    · Նկարագրել ծանոթ առարկաները, երևույթները.
    · Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին: Կարևորվում է
    երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է
    գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում`
    · Ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել.
    · Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել
    իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր
    հեքիաթ հորինել
    · Հորինել նոր, երևակայական հերոսներ.
    · Հորինել հանելուկներ, շուտասելուկներ:
    Առաջին դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա՝
  • Տարբերակել հայերենի տպագիր և ձեռագիր տառերը, ճիշտ գրել ձեռագիր մեծատառերն ու փոքրատառերը:
  • Կարդալ և հասկանալ 2-5 նախադասությամբ տեքստ:
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել և ընդգծել:
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը,
    նախադասությունը գտնել:
  • 3-4 նախադասությունից կազմված պատմություն հորինել և գրել (մուտքագրել):
  • Հասկանալ տեքստի բովանդակությունը և Paint նկարչական ծրագրով նկարել այն:
  • Շնորհավորանքներ և կարճ նամակներ գրել:
  • Տարբերակել հնչյունները (ձայնավոր և բաղաձայն), ճանաչել և գրել դրանց համապատասխան տառերը:
  • 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը:
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով:
  • Հատուկ անունները գրել մեծատառով:


Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները,
 բնականաբար, ավելանում են:
Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի,
արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի
ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և
հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:
Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև
գրավոր`
· Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով
կոնկրետ տվյալներ.
· Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
· Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.

  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան
    մեջբերումներ անելով.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ.
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը
    հիմնավորել.
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների
    վերաբերյալ.
  • Պաշտպանել սեփական կարծիքը.
  • Լսել, հասկանալ և համապատասխան արձագանք տալ լսածին:
  • Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ.
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել.
  • Գրավոր պատասխանել կարդացածի, լսածի, տեսածի վերաբերյալ հարցերին:
  • Բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել
    իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր
    հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց.
  • Փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ.
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:
    Երկրորդ դասարանցին պիտի կարողանա`
  • Կարդալ և հասկանալ տեքստը.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել և բացատրել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը,
    նախադասությունը, միտքը, հատվածը գտնել, ներկայացնել.
  • 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձության մասին,
    որին ինքը մասնակցել է.
  • Նամակներ գրել.
  • Հրավիրատոմսեր պատրաստել.
  • Շնորհավորանքներ գրել.
  • 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել / միտքը ձևակերպել, գրանցել. հորինած
    պատմությունը, նկարագրական շարադրությունը/.
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Օժանդակ բայերը ճիշտ գրել / ներկա ժամանակ/.
  • Հատուկ անունները գրել մեծատառով.
  • Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտ գրել.

Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն ավելանում են: Ավելանում է ավելի շատ
ինքնուրույն աշխատելու չափաբաժինը, որի ընթացքում սովորողը կատարելով լեզվական
հայտնագործություններ՝ ձեռք է բերում լեզվական նոր հմտություններ` դառնալով ավելի
գրագետ: Դրան մեծապես նպաստում է իր հիմնականում գրավոր (նաև` բանավոր) խոսքը
խմբագրելուն ու շտկելուն ուղղված աշխատանքները:
Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն են`
· Ներկայանալ (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, բնութագրել իրեն, նկարագրել,
ներկայացնել նախասիրությունները…)
· Նկարագրել իր միջավայրը, մարդկանց, նյութերը.
· Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի վերաբերյալ կարծիք հայտնել.

  • Լսել, հասկանալ և հարգանքով վերաբերվել այլ մարդկանց տեսակետներին ու գաղափարներին:
    · Պատմել բնության երևույթների մասին, դրանք նկարագրել.
    · Բանավոր ներկայացնել կատարած բնագիտական և այլ փորձերը, ինքնուրույն կարճ
    հարցազրույց վարել անհրաժեշտ թեմայով.
    · Խմբի հետ պատմություն հորինել, շարունակել ընկերների հորինածը.
    · Հորինել և գրել ասելուկներ, հանելուկներ և պատմություններ.
    · Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը (ռոդարիական հնարքների
    կիրառում).
    · Կարդալ առաջադրանքը, հասկանալ և կատարել.
    · Կարդալ 6-7 նախադասությամբ տեքստը և հասկանալ.
    · Գտնել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
  • Օգտվել առցանց բառարանից.
    · Խմբավորել տրված բառերն ըստ հատկանիշների.
    · Կազմել բարդ և ածանցավոր բառեր.
    · 4-5 նախադասությամբ կապակցված խոսք կառուցել.
    · Ելնելով սեփական կենսափորձից` դատողություններ անել կարդացածի վերաբերյալ.
    · Ինֆորմացիա հաղորդել հասու բոլոր միջոցներով.
    · Ինֆորմացիա հավաքել և գրանցել.
    · 2-3 նախադասությամբ գրավոր լրատվություն պատրաստել դասարանական, դպրոցական
    իրադարձության մասին.
    · Շնորհավորական բացիկներ, հրավիրատոմսեր պատրաստել, 3-4 նախադասությունից
    կազմված ( նաև էլեկտրոնային) նամակներ գրել:
    Երրորդ դասարանի աշակերտը պիտի կարողանա՝
    · Բանավոր և գրավոր հստակ, հասկանալի արտահայտել մտքերը.
    · Կարդալ (մտքում և բարձրաձայն) և հասկանալ կարդացածը.
    · Գրավոր և բանավոր համառոտել և ընդարձակել կարդացածը.
    · Մեկ-երկու նախադասությամբ բնութագրել ստեղծագործության կերպարներին և
    պատճառաբանել իր կարծիքը.
    · Գրածը խմբագրելու առաջին փորձերն անել` ավելորդ բառերը հանել, շտկել սխալ կազմված
    անհարթ նախադասությունը.
    · Հասկանալ և գործածել այն բառերը, որոնց իմաստը բացատրված է դասագրքում.
    · Տրված թեմաներով ստեղծագործական և նկարագրական շարադրություններ գրել:
    · Օգտվելով տեղեկատվական աղբյուրներից` (համացանց, բառարան, գրքեր,
    լրատվամիջոցներ) տեղեկատվական նյութ ստեղծել կատարված իրադարձության, դեպքի,
    միջոցառման, ուսումնական ճամփորդության մասին.
    · Հարցաշար կազմել և հարցազրույց վարել :
  • Տարբերել բանաստեղծությունը, հեքիաթը, առակը, մանրապատում ստեղծագործությունները:
    · Տեքստը վերարտադրել տարբեր դեմքերով (հերոսների, իր, հեղինակի, անտեղյակ կամ
    լավատեղյակ մեկի… անունից).
  • Մասնակցել ստեղծագործության դերերով ներկայացմանը, դերային խաղերի՝ ստանձնելով որոշակի դերեր, մտքերն ու հույզերն արտահայտի այլընտրանքային տարբերակներով (մնջախաղ, գույներ, երաժշտություն, ծեփում և այլն):
    · Թվարկել հերոսներին, նկարագրել և բնութագրել նրանց.
    · Ծանոթ տեքստից դուրս գրել կամ տեքստում նշել փոխաբերությունները, անծանոթ բառերը,
    դարձվածքները, առածները և այլն.
    · Մեկնաբանել, այլ բառով փոխարինել հանդիպած արտահայտությունները, բառերը,
    բառակապակցություններն ու դարձվածքները:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s