«Անձրև»
Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
— Վտվտի՛կ, – ասում է Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում էր, շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
— Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
— Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը գոհ են` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:
Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը
Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:
— Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
-Ներեցեք, որտեղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք : Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :
— Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է. «ասա շնորհակալություն»:
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
— Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,- ինձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում , փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժերս բոլորովին կորցրել եմ:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
— Օ ¯յ, ների՛ր ինձ:
— Ահա ՛, դու էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
— Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
— Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:
Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու: