Design a site like this with WordPress.com
Get started
Posted in Մեդիագրադարան

Ջաննի Ռոդարի

Ջ. Ռոդարի ստեղծագործություններ

Կոնֆետի անձրևը

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Պաղպաղակե Դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները… ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա   նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Կապույտ լուացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ:

Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Աշխարհի ամենալավ մարդը
     Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:    Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
-Միշտ առաջինն եմ լինելու ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
Բայց դե հակառակն ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:
Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…  Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…
Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  ստիպված հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց այդ մասին վերջինն իմացավ: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է:

Շղթա
      Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

Մեկ և յոթ
Ես մի տղա գիտեի, որ յոթ տղա էր: Ապրում էր  Հռոմում, անունը Պաոլո էր, նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Նա նաև ապրում էր Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր  ավտոմեքենաների գործարանում:
Նա նաև ապրում էր Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Նա նաև ապրում էր Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր  ու մաթեմատիկա էր սովորում:
Նա նաև ապրում էր Նյու Յորքում, անունը Ջիմի էր, և նրա հայրը բենզին էր վաճառում:
Քանիսի՞ն թվեցի: Հինգին: Մնաց երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր: Վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, նրա հայրն էլ ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույն է` նույն տղան էին, որը ութ տարեկան էր, արդեն գրել- կարդալ գիտեր և կարողանում էր հեծանիվ  քշել` առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուի մաշկը դեղին էր, բայց նրանք նույն տղան էին: Պաբլոն իսպաներեն էր  կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերեն, բայց նրանք նույն տղան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են: 

Թափանցիկ Ջակոմոն
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: 

Շփոթպապը
Կար-չկար մի աղջիկ  կար: Նրա անունը Դեղին Գլխարկ էր:
_ Չէ՜, ԿարմիրԳլխարկ…
_ Հա՛, ճիշտ որ, Կարմիր Գլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_ Դե չէ՛, պապի՛կ, կարմի՜ր, կարմի՛ր գլխարկ:
_Վա՜յ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և կարտոֆիլի կճեպներ  տար նրան:
_ Չէ՛, գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան:
_ Դե լավ: Աղջիկը գնում է, գնում, հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_ Է՜… պապի՛կ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս, ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_ Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարցնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.
_ Ո՞ւր ես գնում, Կարմիր գլխարկ
_ Դու ճիշտ ես, թոռնի’կս: Իսկ սև գլխարկը պատասխանում է.
_ Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կար-միր…
_ Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա՝ տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_ Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_ Ի՞նչ ձի: Գայլ էր, չէ՞:
_ Իհակե, գայլ էր: Դե հա,  գայլն ասում է.
_ Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի՛ տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_ Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու, մեկ է, առ ինձ համար:
_ Համաձայն եմ. ահա քեզ մի սոլդո. շուտ վազի՛ր, գնի՛ր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Աչքերի գանգատը
Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնկան եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Անտակ պարկը

_Հին շո՜ր, հին կոշի՜կ…

_Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,

Ի՞նչ կա-չկա քո պարկում:

_ Կա մի կոշիկ՝ անկրունկ,

Մի թև ունեմ՝ անկոստյում:

_ Հետո՞… _ Շան վզակապ,

Ունեմ աղեղ՝ անջութակ:

_ Հետո՞… _Անքիթ թեյնիկ ու սրճեփ,

Թավա ունեմ չուգունե,

Էս թավան հատակ չունի,

Նախարար էլ ունեմ պարկում,

Որ կռիվ է մեզ տանում,

Բայց հայտնվեց հատակում:

Advertisement

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: