Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի` ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:
Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին:Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:
Գետնափոր, կավե Թոնիրը որպես ջեռոց, ջերմամշակման գործիք հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Այն, ինչ պատրաստվում է կճուճեղենում ու գետնափոր թոնրում, հայկական ծգաում ունի, իսկ գետնափոր թոնիր ունեցել են միայն հայերը: Եվ պատահական չէ, որ թոնրում եփվող հայոց կերակրատեսակների /Քաշիկա, Կճախաշ, Խորոված, Խորվու, Ձուկ, անուշաբույր Գաթա, Լավաշ/ առանձնահատուկ համի գաղտնիքը թաքնված է այնտեղ, որտեղ պատրաստվում է կերակուրը:
Թոնիրը տարբեր ազգեր են փոխառել հայերից և կիրառում են, սակայն դրա ծիսական նշանակությանը տեղյակ են միայն հայերը: Հայերը թոնիր օգտագործել են դեռևս հազարամյակներ առաջ: Արևապաշտության շրջանում թոնիրը համարվել է արևի խորհրդանիշը երկրի վրա: Հեթանոս հայերը թոնիրը նմանեցրել են գետին մտնող՝ մայր մտնող արևի հետ, և հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որը նշանակել է նաև խոնարհում աստվածության առջև:
Թոնիրն ունեցել է նաև մանրեազերծ ազդեցություն, քանի որ որպես վառելիք օգտագործվել է կովի թրիքը՝ ցանը, որն էլ դեռ հնագույն ժամանակներից հայտնի է բուժական հատկություններով:
Թոնիրը նախկինում ոչ միայն հայկական խոհարարության, այլև կենցաղում կարևոր նշանակություն է ունեցել: Ավանդապահ ընտանիքներում թոնիրը միշտ նույնացվել է օջախի հետ: Գաղտնիք չէ, որ հնում հայ գերդաստանը ապրել է մի հարկի ներքո, որի մեծ սենյակի կենտրոնում, որպես կանոն, եղել է թոնիրը` հայ ընտանիքի հիմքը, օջախը, որտեղ ոչ միայն հաց էին թխում և կերակուր պատրաստում, այլև նրա շուրջը բարի, հին ժամանակներում ընթացել է հայկական ընտանիքի կյանքը: Թոնրի մոտ ամուսնանում էին, երեխա կնքում, և նույնիսկ բուժվում: Նրա շուրջն էին հավաքվում ընտանիքի անդամները` թե ճաշի ժամին, թե հավաքույթների և թե հանգստի ժամանակ: