Posted in Ուսուցչի լաբորատորիա

Ջոն Հոլթ։ Մանկական հաջողությունների երաշխիքը

1․ Ընթերցել հոդվածը։
2․ Գրել՝ ինչ մանկավարժական մոտեցումներ կային, որոնք ձեզ հետաքրքեցին։
3․ Ի՞նչ համանման դիտարկումներ կարող եք ներկայացնել ձեր մանկավարժական փորձից։

Ընթերցանություն

Երբ Լիզան երեքուկես տարեկան էր, իրենց ընտանիքի ամենակրտսերն էր, ընտանիք, որտեղ բոլորը պաշտում էին ընթերցանությունն ու գրքերը: Գրքերը տանը ամենուր էին՝ սեղանների վրա, աթոռներին, մահճակալներին ու հատակին: Ընդ որում երեխաներից և ոչ մեկին չէին հրահրում ընթերցանության, ինչպես նաև Լիզային: Այնպես որ, ես ուղղակի ցնցված էի, երբ մի անգամ ոչ ավելի, ոչ պակաս, ցուցադրաբար հայտարարեց.

«Ես կարողանում եմ կարդալ»: Իմաստ չուներ նրան մերժել, այնպես որ պատասխանեցի. «Իսկ ես չեմ էլ ասում, որ չես կարողանում»: Նա գիտեր, որ կարդալ չգիտի և գիտեր նաև, որ դա ինձ հայտնի է: Հասկանալի է, որ նրա համար շատ նվաստացուցիչ է չկարողանալ անել այն, ինչ կարողանում էին իր շուրջը եղած բոլորը: Ինչո՞ւ սաստկացնել նրա այդ զգացմունքը:

Շատ տարիներ հետո ընկերս պատմեց իր աղջկա մասին:Երբ աղջիկը դեռ մի տարեկան էլ չի եղել, նրան նվիրել են պլաստմասե դուդուկ, որը նա սիրում էր փչել:

Դա նրա սիրելի խաղալիքն էր: Մի անգամ ծնողներից մեկը, տեսնելով որ դրա վրա անցքեր կան, մի պարզ մեղեդի նվագեց: Երկու ծնողներ մի քանի րոպե զբաղվեցին դուդուկով, հետո վերադարձրին երեխային: Ի զարմանս նրանց՝ նա դժգոհ մի կողմ հրեց խաղալիքը և դրանից հետո ոչ մի անգամ այլևս չդիպավ դրան:

Երբ Դենին երկուսուկես տարեկան էր, ես մտածեցի, որ նրան կարող են դուր գալ հաշվելու գույնզգույն փայտիկները: Ինձ հետաքրքիր էր, թե ինչ կանի նա դրանց հետ, ուստի երբ մտա նրա ծնողներին այցելության, ինձ հետ վերցրի նաև փայտիկները: Մենք բացեցինք տուփը և նրան ցույց տվեցինք: Նա հմայված նայեց դրանց, ինչպես վայրենին կնայեր ուլունքներին: Դա նրա համար աշխարհի ամենաարժեքավոր իրն էր: Մենք շաղ տվինք փայտիկները գորգի վրա, և նա մի որոշ ժամանակ նստեց հատակին՝ փայտիկների խուրձը հավաքելով ու շաղ տալով, ուրախությունից ու ոգևորությունից հարբած:

Հիմա հասկանում եմ, որ դրանցից ինքնուրույն գլուխ հանելու հնարավորություն պիտի տայինք նրան, ուսումնասիրելու դրանք սեփական աչքերով ու ձեռքերով: Բայց այդ պահին մտածեցի, որ կարող եմ նրան ինչ-որ բան «սովորեցնել»: Մի քանի փայտիկ վերցնելով՝ շարեցի դրանք հատակին: Դենիի հայրը միացավ ինձ, և մենք կառուցեցինք ոչ բարձր կոնստրուկցիա, հետո նայում էինք նրան: Մի քանի րոպե նա անտարբեր նայում էր մեզ: Հետո ձեռքի մի հարվածով փայտիկները ցրեց գորգով մեկ: Ցնցված հարցրինք. «Ինչո՞ւ այդպես արեցիր»: Մենք նորից կառուցեցինք, և նա նորից քանդեց՝ ոչ այնքան զայրացած, որքան վճռականորեն: Այդպես և երրորդ անգամ: Հետո վերջապես գլխի ընկանք, որ ինչ-որ բան չենք հասկանում ու նրան հանգիստ թողեցինք:

Պարզ է, որ այսպես կոչված «նմանակման օրինակները»՝ մարդիկ, ովքեր կարողանում են ինչ-որ բան երեխայից ավելի լավ անել, շատ ոգևորում են երեխային և նրան օգնում սովորել: Բայց մենք պետք է հիշենք, որ այդ օրինակը կարող է չափազանց իդեալական լինել: Մանկական հոգեբանները հաճախ են գրում, այսպես կոչված, մանկական ամենակարողության մասին: Նրանք կարծում են, թե երեխաներն իսկապես հավատում են, որ իրենք աշխարհում ամեն ինչ կարող են, և միայն աստիճանաբար՝ տարիքի հետ, սկսում են հասկանալ, թե ինչքան քիչ բան են կարողանում: Չեմ կարծում, որ դա ճիշտ է,հատկապես երբ խոսքը փոքրիկների մասին է, բայց դա իսկապես ճիշտ չէ երկու–երեք տարեկաննների համար, ովքեր հրաշալի պատկերացնում են, թե որքան քիչ իրենք գիտեն, ինչքան քիչ են կարողանում, և դա նրանց հաճախ շփոթեցնում է ու նվաստացնում: Սա չի նշանակում, որ մենք մեր գիտելիքները պետք է գաղտնի պահենք, դա հնարավոր էլ չէ: Սակայն մենք պետք է գիտակցենք, որ երեխաները հաճախ հիվանդագին են տանում իրենց անգիտությունն ու անճկունությունը, և մենք պետք է շատ զգույշ լինենք, որ դա նրանց աչքը չխոթենք: Այն ծնողները, ովքեր ամեն ինչ լավ են անում, իրենց երեխաների համար, կարող են այնքան էլ լավ օրինակ չլինել. երբեմն այդ երեխաները մտածում են, որ իրենք երբեք այդքան շնորհալի չեն դառնա, ինչպես իրենց ծնողները:

Նույնը կարելի է ասել նաև ուսուցիչների մասին: Երեխաները ինչ-որ բան այդպես լավ սովորում են իրենցից ոչ այնքան մեծերից, ոչ միայն այն պատճառով, որ ավագ երեխան կարող է իրեն ավելի հասկանալի խոսել, այլև նա հեղինակավորության լավագույն մոդելն է, քանի որ ավելի հասանելի է: Անկասկած, երեխային, որ հետաքրքրվում է սպորտով կամ երաժշտությամբ, երբեմն շատ օգտակար է հետևել կատարելության հասած մեծերին: Բայց ինչ վերաբերում է ամենօրյա օրինակներին, ապա այդ մեծերից այնքան էլ օգուտ չկա, որքան այն երեխայից, ով մի քիչ է մեծ, մի քիչ ուժեղ է ու ինչ-որ բան ավելի լավ է անում: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ շեփոր էին նվագում, քան իմ ֆլեյտան, որովհետև ես ֆլեյտա նվագել գիտեի, իսկ շեփոր նվագելու մեջ նույնքան սկսնակ էի, որքան իրենք:

Բայց վերադասռնանք Լիզային, ով առաջին անգամ բացեց իմ աչքերն այդ երևույթի վրա: Երբ նա մոտ չորս տարեկան էր, ես հաճախ էի այցելում նրանց: Իմանալով , որ նա կարդալ շատ է սիրում, նրան գունավոր քարտեր բերեցի՝ «նկարված բառերի» պատկերներով: Այդ ժամանակ ես արդեն գիտեի, որ անիմաստ է դրանք նրան զոռով հրամցնելը. երեխաները վաղ են սկսում զգուշավորությամբ վերաբերվել մեծերի ոգևորությանը: Դրա համար էլ ես քարտերը ուղղակի թողեցի իմ սենյակում՝ իմանալով, որ նա դրանք կգտնի: Եվ իսկապես, մի քանի օր հետո նա հարցրեց. «Այդ ի՞նչ մեծ նշաններ են քո սենյակում»: Հարցրի. «Այն գունավոր տառերովնե՞րը»: «Այո´»: Ես բացատրեցի, որ դպրոցում օգտվում եմ դրանցից, երբ երեխաներին կարդալ եմ սովորեցնում: «Ես կարո՞ղ եմ դրանցից օգտվել», հարցրեց Լիզան: Մենք քարտերը բերեցինք հյուրասենյակ, մի քանի հատ շարեցինք գորգի վրա ու սկսեցինք աշխատել:

Սովորաբար ուսուցիչը ցույց է տալիս որոշակի բառեր և հարցնում է, թե ինչ են նշանակում դրանք: Բայց արդեն գիտեի, որ նույնիսկ փոքր երեխաները վախենում են և սկսում են զգույշ լինել, երբ նրանց հարցեր են տալիս, քանի որ վախենում են սխալ պատասխան տալուց: Էնպես որ ասացի, որ նա ինձնից հարցնի ցանկացած բառ ու ասի, եթե գիտի: Ուրիշ խոսքով ես ուզում էի խաղը նրա հսկողության տակ պահել: Մի որոշ ժամանակ մենք այդպես խաղացինք: Բայց մի քանի րոպե հետո նա սկսեց փոխել խաղի կանոնները և իր ձևով խաղալ: Ընտանիքի ավագ երեխաներն ունեին մի լավ ընկեր՝ Հենրի Հարիսոն անունով, և Լիզան սկսեց զվարճանալ՝ մատնացույց անելով երեք-չորստառանի բառեր և ասել «Հենրի Հարիսոն»: Ես նրբորեն փորձեցի խաղը բերել նախկին ընթացքին, բայց ապարդյուն: Հասկանալի էր, որ խաղը ոչ միայն հոգնեցրեց նրան, այլև ընդհանրապես դադարեց դուր գալուց: Մի րոպե անց նա ասաց, որ էլ խաղալ չի ուզում, մենք հավաքեցինք քարտերը, և մինչև իմ այցի վերջը նա դրանց մասին այլևս չհարցրեց:

Դա ինձ համար գաղտնիք էր: Ինչո՞ւ, երբ ես այդքան զգույշ էի, որ չպարտադրեմ նրան, նա արագ հրաժարվեց ձեռնարիից, որ հենց ինքն էր խնդրել: Այդպես եղավ նաև իմ հաջորդ այցելության ժամանակ, երբ եկել էի բոլորովին ուրիշ նյութերով: Միայն երկար մտորումներից հետո սկսեցի գլխի ընկնել, թե ինչն էր խնդիրը: Որքան էլ ես զգույշ լինեի, չէի կարող թաքցնել այն փաստը, որ այդ խաղի մասին ես ամեն ինչ գիտեի, իսկ նա՝ ոչինչ, և միայն դա իր մեջ այնքան վտանգ ու նվաստացում էր պարունակում, որ նա դա չկարողացավ տանել:

Ես պետք է քարտերը նրան տայի, երբ էլ որ նա պահանջեր և ժամանակ տայի նրան երևակայելու, խաղալու, թույլ տայի նրան ինձ ցուցադրելու, թե ինչպես կարելի է օգտագործել դրանք, թույլ տայի նրան հարցեր տալու, եթե ուզենար: Բայց եթե անգամ ես այդպես էլ վարվեի, կասկածում եմ, որ նա կօգտագործեր քարտերը կարդալ սովորելու համար, ինչպես ենթադրում էր դրանց ստեղծողը՝ Գատեննոն: Շուտով, երբ նա դրանց անդրադարձավ, արդեն սովորում էր իսկական գրքերով:

Մեծ սխալ կլիներ ենթադրելը, որ սա ոչ սովորական, տարօրինակ կամ ոչ առողջ արձագանք էր: Սա շատ մարդկային արձագանք է, և հաճախ է հանդիպում թե´ մեծերի, թե´ երեխաների մոտ: Մեզանից շատերը չեն սիրում երկար գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանում մեզանից ավելին գիտեն: Եվ չնայած ես հիմնականում վերականգնել եմ իմ ամբողջ հետաքրքրությունը, որ կորցրել էի դպրոցում, հաճախ եմ զգում իմ մեջ այդ արձագանքը: Վերջերս վերադառնում էի Բոստոն, և ինձ հետ նստած էին երկու հոգի, ովքեր կրքոտ քննարկում էին կենսաբանության խորագույն խնդիրներ: Ես նրանց զրույցից ոչինչ չէի հասկանում: Եվ չնայած մի կողմից ինձ հետաքրքիր էր նրանց զրույցը, մտածողությանս մյուս կողմը զայրացած մերժում էր նրանց խոսակցության կարևորությունը: Այդպիսի արձագանքը բնական է, չնայած դրանում հպարտանալու բան չկա: Անգամ մեր սեփական մտածողության խորքերում մեզ դուր չի գալիս բթամիտ ու տգետ զգալ մեզ: Դեմ առ դեմ հանդիպելով մեր չհասկացածին՝ մենք պաշտպանվում ենք՝ հայտարարելով, որ կարիք չկա դա իմանալու:

Հիմա ես չեմ մտածում, որ Լիզայի հակազդումը հենց դրանով էր բացատրվում: Նա չէր էլ մտածում, որ չարժե կարդալ սովորել, ընդհակառակը՝ նա շատ էր ուզում կարդալ: Բայց նա հակադրվեց ինձ, որովհետև ես ուզում էի նրա ուսուցումը ինձ վրա վերցնել, երբ նա դա ինձ չէր խնդրել: Նա կսովորի կարդալ, երբ կուզի և ինչպես կուզի: Ուսման մեջ անկախության այս ոգին սովորողի ամենարժեքավոր որակներից մեկն է, և մենք, որ ուզում ենք օգնել երեխաներին սովորել, պետք է հարգենք ու զարգացնենք այդ որակները:

Հպարտ ու զգացմունքային երեխանները հատկապես են հակված այսպես արձագանքելու: Իմանալով, որ Լիզան այդ տեսակն է՝ ես մի քիչ անհանգստանում էի, թե ինչ կլինի, երբ նա գնա դպրոց ու ընկնի ֆորմալ կրթության մամլիչի տակ: Կհակադրվե՞ր արդյոք նա: Նրանից դա լիովին կարելի էր սպասել: Բարեբախտաբար, նա ինքը վճռեց այդ խնդիրը, քանի որ կարդալ ինքնուրույն սովորեց: Ինչպե՞ս՝ դա հավանաբար ոչ ոք չգիտի: Հազարավոր երեխաներ իրենք են սովորում կարդալ, հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչքան են նրանք և ինչպես են հասել դրան:

Համենայն դեպս, Լիզան մանկապարտեզ էր հաճախել, և չնայած դաստիարակչուհին երեխաներին կարդալ չէր սովորեցրել, այնտեղ կային գրքեր, գրություններ, տառեր և այլն: Հայտնվելով կարդալ չիմացող երեխաների շրջանում՝ Լիզան կարող էր մտածել, որ դա արատ չէ: Հետո նա կարող էր մտածել, որ եթե մեծերը կարդալ կարողանում են, ուրեմն կարողացել են սովորել, նշանակում է ինքն էլ կկարողանա: Նոյեմբերի վերջին նա սկսեց գրքեր բերել տուն սկսնակների համար, որոնցից ինքնուրույն էր գլուխ հանում: Երբ ես նրան ամռանը տեսա, նա արդեն կարդում էր երկրորդ և անգամ երրորդ դասարանի գրքեր:

Մի անգամ մենք հյուրասենյակում նստած կարդում էինք: Նա հենց նոր էր գրադարանի մանկական բաժնից չորս գիրք վերցրել, որը թույլատրվող առավելագույնն էր: Վերցնելով արտաքինից ամենահետաքրքիրը՝ նա տեղավորվեց մեծ բազկաթոռի մեջ: Ես լսում էի, թե նա ինչպես է քթի տակ խոսում, չնայած նրա կարդացածից համարյա ոչինչ չէի հասկանում: Ձայնի տոնից ու բազում դադարներից հասկացա, որ գրքում իրեն անծանոթ շատ բառեր կան, որոնց վրա նա կանգ էր առնում ու ենթադրում, թե ինչ կարող են նշանակել: Որոշ բառեր բաց էր թողնում. նա կարծում էր, որ բոլոր բառերը չէ, որ առանց բացառության պետք է հասկանա: Բայց երբեմն հանդիպում էր բառի, որի վրայով չէր կարող թռչել: Այդ օրը նա նման մի բառ գտել էր: Դանդաղ վեր կենալով բազկաթոռից՝ մոտեցավ ինձ: Ես նայեցի նրան. հայացքը շատ հստակ էր ու անկոտրում: Գրքում բառը ցույց տալով՝ հարցրեց. «Ի՞նչ է այստեղ գրված»: Նրա հայացքը կարծես ասում էր. «Միայն ինձ հիմար հարցեր մի´ տուր, թե «Իսկ դու ի՞նչ ես մտածում» կամ «Դու փորձե՞լ ես տառերով կարդալ» և այլն: Եթե ես կարողանայի, քեզ մոտ չէի գա: Միայն բառը ասա, և վերջ»: Ես ասացի, նա գլխով արեց ու վերադարձավ իր բազկաթոռը:

Հետո նրա մորը հարցրի, թե որքան հաճախ է Լիզան բառեր հարցնում: Մտածելով նա ասաց. «Ոչ հաճախ, շաբաթական մեկ-երկու անգամ, ամենաշատը,- հետո ավելացրեց,- չնայած հետաքրքիր է, եթե նա հարցնում է բառը, այն երբեք չի մոռանում»: Հետաքրքիր է, բայց զարմանալի չէ. մենք չենք մոռանում այն, ինչ սովորում ենք սեփական նպատակների համար: Բայց եթե անգամ նա հարցներ ուրիշներին շաբաթական մեկ կամ մի քանի անգամ, ապա դա կկազմեր մոտ երկու հարյուր բառ՝ իր իմացած տասնհինգ հազարից: Որտեղի՞ց նա գիտեր մնացածը: Ակնհայտորեն ինքն է գլխի ընկել:

Ինձ հետաքրքրող մանկավարժական մոտեցումները, դիտարկումները

Մանկավարժական կարևոր մոտեցումներից մեկը, այն հիմնականը, ըստ իս, որը հեղինակը ցանկանում է հասցնել ընթերցողին հետևյալն է՝ թույլ տալ, որ սովորողը, ինքնադրսևորվի, հնարավորություն ունենա բացահայտելու իր ներաշխարհը, իրերը երևույթները ընկալելու այնպես ինչպես ինքն է հասկանում, տեսնում, ընկալում, անկախ քո տեսակետից, ընկալումից, եթե անգամ դա այն չէ, ինչ դու ակնկալում էիր: Չպետք է սովորողին կաղապարել, պահանջել ավելին, այլ ընդհակառակը պետք է աստիճանաբար հասցնել սովորողին իր մտավոր կարողությունների առավելագույն դրսևորմանը: Չպետք է մոռանալ, որ հաճախ. ≪մեր սեփական մտածողության խորքերում մեզ դուր չի գալիս բթամիտ ու տգետ զգալ մեզ: Դեմ առ դեմ հանդիպելով մեր չհասկացածին՝ մենք պաշտպանվում ենք՝ հայտարարելով, որ կարիք չկա դա իմանալու≫: Նույն կերպ էլ, չպետք է ճնշել սովորողին, պետք է ռաջին հերթին, այն ամենի նկատմամբ, ինչ ուզում ենք սովորոցնել, հետաքրքրություն առաջացնել նրա մեջ,սովորեցնել հասկանալ դրա իմացության անհրաժեշտությունը կյանքում,  որից հետո սովորողի ցանկությամբ, գիտակցմամբ անցնել ուսուցանման: Պետք է միշտ պահպանել սովորող-դասավանդող համգործակցությունը, արդյունքի հասնելու համար: Չպետք է մոռանալ նաև հետևյալ դիտարկումը. ≪Հետաքրքիր է, բայց զարմանալի չէ. մենք չենք մոռանում այն, ինչ սովորում ենք սեփական նպատակների համար≫: Եվ իսկապես, երբ երեխան գիտակցում է, կարևորում է այն ամենի իմացություննը, ինչ իրեն սովորեցնում են, նա սովորում է, փորձում է իմանալ ավելին, անգամ փորձում է ինքնակրթությամբ հասնել դրան:

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s