- Չորեքշաբթի 13.03.2019
Եղիշե Չարենց
- Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
- Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Առաջադրանքներ
- Ե. Չարենցը ինչի՞ հետ է համեմատում կյանքը առաջին բանաստեղծության մեջ:
- Քո բառերով գրի՛ր՝ ինչպե՞ս է նկարագրում Ե. Չարենցը գարունը: Գրի՛ր՝ ինչպես դու կնգարագրես գարունը և համեմատի՛ր չարենցյան գարնան հետ:
- Վերնագրի՛ր բանաստեղծությունները:
- Գրի՛ր քո կարծիքը բանաստեղծությունների վերաբերյալ. ինչ հասկացար՝ կարդալով բանաստեղծությունները:
Լեզվական առաջադրանքներ
1. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր՝ առանձնացնելով արմատը և ածանցը:
Օրինակ՝ հողագործ=հող(արմատ) +ա+գործ(արմատ)
ոտնակ= ոտ(արմատ)+ն+ակ(ածանց)
Հողագործ, ժամացույց, ոտնակ, փոքրիկ, քաջություն, ջրաղաց, գետակ, բազմերանգ, ոսկեղեն, մրգային, դասասենյակ, պատմություն, էջանշան, կեսօր, հյուրընկալ, անօգուտ, թագուհի, երգահան, անձեռակերտ, անդամավճար, բազմանդամ, զարդատուփ, դափնեվարդ, մարդկային, բարձրախոս, լայնարձակ, ընթերցարան, գլուխգործոց, մրցակից, տողադարձ, օձաձև:
2. Հայկական այբուբենի տառերով արտահայտված ՋՂԱ, ԺԵ, ՓՈԽ, ՌՃԺԱ, ՁԷ, ՊԻ, ԼԱ, ՆՀԴ, ՑՅԺԶ, թվականները գրի՛ր արաբական թվանշաններով:
Ծանոթություն՝ Ւ-ը մաշտոցյան այբուբենի տառերից է, որը մնացել է ՈՒ-ի մեջ:
3. 345, 554, 76, 89, 1987, 875, 34, 74. 18 թվականները գրի՛ր այբուբենի տառերով:
Լրացուցիչ կրթություն Թվականները գրի՛ր այբուբենի տառերով
Սովորի՛ր անգիր Ե. Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն», «Կյանքը-երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն» բանաստեղծությունները: